• am
  • en
  • fr

Մարինե Գյուլումյանը ծնվել է Երևանում, արվեստագետների ընտանիքում: Սկսել է ստեղծագործել դեռևս դպրոցական տարիքից: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Էստրադային և Ջազային արվեստի պետական քոլեջի ստեղծագործական բաժնում (1996-2000թթ.), Ռոբերտ Ամիրխանյանի դասարանում` ստեղծագործելով այնպիսի երգեր, որոնք իրենց գեղագիտական արժեքը պահպանում են մինչ այսօր: Խորացնելով իր կրթությունը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (2001-2005թթ.), Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ՝ ստեղծագործում է դասական ժանրում` գրելով ինչպես փոքրածավալ վոկալ - գործիքային ստեղծագործություններ, այնպես էլ մեծ կտավի սիմֆոնիկ գործեր` նվագախմբի և երգչախմբի համար: Դրանցից կարելի է առանձնացնել Մետաքսեի «Ամենափրկիչը» պոեմի հիման վրա գրված համանուն օրատորիան` սիմֆոնիկ կրկնակի կազմի, երգչախմբի և սոլիստների համար (2005թ.): 

2001թ.-ին "Սայաթ-Նովա" համահայկական փառատոնում իր հեղինակային "Ես քո զավակն եմ, Հայաստան" երգն արժանանում է առաջին մրցանակի։ 

2007թ.-ին Շառլ Ազնավուրի ղեկավարած «Les Editions Raoul Breton» ընկերության կողմից հրավիրվում է Փարիզ՝ կնքելով պայմանագիր (2007-2010թթ.) և համագործակցելով ֆրանսիացի արտիստների հետ ։ 

2008 թ.-ին «Nichion» ընկերության կողմից հրավիրվում է Ճապոնիա` համագործակցելու ճապոնացի արտիստների հետ:  

2008թ-ին համագործակցում է Շառլ Ազնավուրի հետ՝ գրելով «Va Cléopâtre » երգը, որն առաջին անգամ հնչում է 2019 թ.-ին Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբով (գեղ. ղեկավար՝ Էդվարդ Թոփչյան)։  

2011 թ.-ին Փարիզում, քաղաքապետարանի պատվերով գրում է խաղաղությանը նվիրված կանտատ «Je Dis La Paix»` մանկական սիմֆոնիկ նվագախմբի և  երգչախմբի համար, որը կատարվում է նույն թվականի հունիսի 21-ին:  

2011-2013 թթ.-ին իր ուսումը շարունակում է Փարիզի Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում, էթնո-երաժշտագիտության բաժնում:  

2017թ.-ին Փարիզում, «Armenian Europe Music Awards»-ի շրջանակներում արժանանում է «Լավագույն հայ-ֆրանսիացի կոմպոզիտոր» տիտղոսին։ 

Թողարկել է 4 հեղինակային երգերի ձայնասկավառակ՝ «Երգն իմ սերն է» 2003թ, «Սիրո հնչյուններ» 2007թ, «Հայրենի արահետներով» 2010թ, «Մեկուսացման ոգեշնչում» 2021թ։ 

Մարինե Գյուլումյանի երգերը կատարվել են բազմաթիվ հայ անվանի արտիստների կողմից՝ Նունե Եսայան, Արամե, Շուշան Պետրոսյան, Սիրուշո, Սյուզան Մարգարյան, Անահիտ Մանուկյան, Անուշ և Ինգա Արշակյաններ, Քրիստինե Պեպելյան, Սոֆի Մխեյան, Լեյլա Սարիբեկյան, Արմինկա, Աննա Խաչատրյան, Արսեն Գրիգորյան, Վարդան Բադալյան, Իվետա Մուկուչյան, Անի Քրիստի և այլն... 

Հեղինակ է թվով 300 -ից ավելի երգերի և մի շարք դասական ստեղծագործությունների ։ 

2007թ. -ից ապրում և ստեղծագործում է Փարիզում՝ սերտ կապ պահելով հայրենիքի հետ ։

  • Japan - Collaborations
  • Japan - Lights of Big City
  • France - Collaborations
  • Armenia - Family
© Marine Gyulumyan [Marine Gyulumyan copyright]
macaroon_logo